Աստուածաշունչ

Переводы: (скрыть)(показать)
LXX Darby GRBP NRT IBSNT UBY NIV Jub GRBN EN_KA NGB GNT_TR Tanah Th_Ef MDR UKH Bible_UA_Kulish Комментарий Далласской БС LOP ITL Barkly NA28 GURF GR_STR SCH2000NEU New Russian Translation VANI LB CAS PodStr BibCH UKDER UK_WBTC SLR PRBT KZB NT_HEB MLD TORA TR_Stephanus GBB NT_OdBel 22_Macartur_1Cor_Ef VL_78 UBT SLAV BHS_UTF8 JNT UKR KJV-Str LXX_BS BFW_FAH DONV FIN1938 EKKL_DYAK BB_WS NTJS EEB FR-BLS UNT KJV NTOB NCB McArturNT Makarij3 BibST FIN1776 NT-CSL RST Mc Artur NT BBS ElbFld RBSOT GTNT ACV INTL ITAL NA27 AEB BARC NZUZ שRCCV TORA - SOCH LOGIC VCT LXX_Rahlfs-Hanhart DRB TanahGurf KYB DallasComment GERM1951 Dallas Jantzen-NT BRUX LXX_AB LANT JNT2 NVT
Книги: (скрыть)(показать)
. Ge. Ex. Mt. Mk. Lk. Jn.
Главы: (скрыть)(показать)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

Աստուածաշունչ

Ծննդոց 41

1 Երկու տարի անց փարաւոնը երազ տեսաւ: Երազում ինքը կանգնած էր գետի եզերքին,

2 իսկ գետից դուրս էին գալիս տեսքով գեղեցիկ ու մարմնով պարարտ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում:

3 Դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը այլ երինջներ եւ միւս երինջների հետ արածում գետի եզերքին:

4 Տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը երինջներն ուտում էին տեսքով գեղեցիկ ու պարարտ եօթը երինջներին: Զարթնեց փարաւոնը: Նորից քուն մտաւ:

5 Նա տեսաւ մի երկրորդ երազ. ահա մէկ ցօղունից բուսնում էին ընտիր ու գեղեցիկ եօթը հասկեր:

6 Ապա բուսան չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,

7 եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ տուեցին ընտիր ու լի եօթը հասկերը:

8 Զարթնեց փարաւոնը եւ տեսաւ, որ երազ էր: Առաւօտեան խռովուեց նրա հոգին: Նա մարդ ուղարկեց, կանչել տուեց Եգիպտոսի բոլոր երազահաններին, երկրի բոլոր իմաստուններին եւ պատմեց իր երազները, բայց չգտնուեց մէկը, որ կարողանար մեկնել փարաւոնի երազները:

9 Տակառապետը, դիմելով փարաւոնին, ասաց. «Այսօր յիշեցնեմ իմ յանցանքը:

10 Երբ փարաւոնը բարկացել էր իր ծառաների վրայ, ինձ ու մատակարարին արգելափակել էր դահճապետի տանը:

11 Մենք երկուսս էլ երազ տեսանք միեւնոյն գիշերը. իւրաքանչիւրս տեսաւ ի՛ր երազը:

12 Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառայ եբրայեցի մի պատանի: Պատմեցինք նրան,

13 եւ նա մեկնեց մեզ մեր երազները՝ տալով իւրաքանչիւրիս իր երազի մեկնութիւնը: Եւ եղաւ, որ ինչպէս մեկնել էր մեզ, այնպէս էլ կատարուեց. ես եկայ հասայ իմ պաշտօնին, իսկ նրան կախեցին ծառից»:

14 Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին: Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին:

15 Փարաւոնն ասաց Յովսէփին. «Երազ եմ տեսել, եւ չկայ մէկը, որ մեկնի այն: Ես լսել եմ քո մասին: Ասում են, որ եթէ երազները պատմեն քեզ, դու կը մեկնես դրանք»:

16 Պատասխան տալով՝ Յովսէփն ասաց փարաւոնին. «Առանց Աստծու օգնութեան փարաւոնի համար փրկարար ոչ մի պատասխան չի լինի»:

17 Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Երազումս ինձ թւում էր, թէ կանգնած էի գետի եզերքին,

18 եւ, իբրեւ թէ, գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում:

19 Ապա, դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզուելի եւ մարմնով նիհար եօթը երինջներ, որոնցից աւելի զզուելին չեմ տեսել ողջ Եգիպտացիների երկրում:

20 Յոթը նիհար ու զզուելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին եօթը երինջներին:

21 Նրանք թէեւ կուլ էին տալիս վերջիններիս, բայց չէր երեւում, որ նրանք սրանց կուլ են տուել. նրանց տեսքը առաջուայ պէս զզուելի էր: Զարթնեցի ու նորից քնեցի:

22 Դարձեալ երազում տեսայ, որ, իբրեւ թէ, մէկ ցօղունից բուսնում էին լի ու գեղեցիկ եօթը հասկեր:

23 Նրանց կողքին բուսան բարակ, չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,

24 եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լի հասկերը: Երազներս պատմեցի երազահաններին, բայց ոչ մէկը չկար, որ դրանք մեկնէր ինձ»:

25 Յովսէփն ասաց փարաւոնին. «Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն. Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է:

26 Եօթը գեղեցիկ երինջները եօթը տարի են նշանակում, եւ եօթը գեղեցիկ հասկերը նոյնպէս եօթը տարի են նշանակում: Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն:

27 Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու:

28 Փարաւոնին ասածիս իմաստն այն է, որ Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է:

29 Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ եօթը տարիներ:

30 Դրանցից յետոյ կը գան սովի եօթը տարիներ, եւ կը մոռացուի երկրում եղած բերքի առատութիւնը:

31 Սովը կը սպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանայ բերքի առատութիւնը դրան յաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու:

32 Փարաւոնի երազի երկու անգամ կրկնուելը վկայում է, որ Աստծու խօսքը հաստատապէս կատարուելու է, եւ Աստուած չի յապաղի այն ի կատար ածելուց:

33 Արդ, տե՛ս, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու, որ դառնայ փարաւոնի խորհրդականը, եւ նրան վերակացու նշանակի՛ր Եգիպտացիների երկրի վրայ:

34 Փարաւոնը երկրի վրայ նաեւ գործակալներ թող նշանակի, որ Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ընթացքում բերքի մէկ հինգերորդ մասը հարկ վերցնեն:

35 Նրանք թող հաւաքեն առաջին եօթը տարիների բերքի ամբողջ պաշարը, ցորենը թող դրուի փարաւոնի տրամադրութեան տակ, եւ պարէնը թող պահուի քաղաքներում:

36 Երկրի պարէնը թող պահուի Եգիպտացիների երկրի վրայ տարածուելիք սովի եօթը տարիների համար, որպէսզի երկիրը սովից չկոտորուի»:

37 Յովսէփի խօսքերը հաճելի թուացին փարաւոնին ու նրա բոլոր պաշտօնեաներին:

38 Փարաւոնն ասաց իր բոլոր պաշտօնեաներին. «Մի՞թէ կը գտնենք այսպիսի մի մարդ, որ իր անձի մէջ կրի Աստծու ոգին»:

39 Եւ փարաւոնն ասաց Յովսէփին. «Քանի որ Աստուած քեզ յայտնեց այդ ամէնը, ուրեմն քեզնից աւելի իմաստուն ու խելացի մարդ չկայ:

40 Դո՛ւ եղիր իմ տան վերակացուն, եւ քո հրամանին թող ենթարկուի իմ ամբողջ ժողովուրդը: Իմ գահո՛վ միայն ես քեզնից բարձր կը լինեմ»:

41 Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա այսօր քեզ վերակացու եմ կարգում Եգիպտացիների երկրի վրայ»:

42 Եւ փարաւոնը մատից հանելով իր մատանին՝ դրեց Յովսէփի մատին, նրան հագցրեց բեհեզեայ պատմուճան, ոսկէ մանեակ անցկացրեց նրա պարանոցին,

43 նրան նստեցրեց իր երկրորդ կառքը: Մունետիկը Յովսէփի առաջից գնալով՝ այդ մասին ազդարարեց, եւ նա վերակացու կարգուեց Եգիպտացիների երկրի վրայ:

44 Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա ես փարաւոնն եմ: Ամբողջ Եգիպտացիների երկրում ոչ ոք իրաւունք չունի նոյնիսկ իր ոտքը կամ ձեռքը բարձրացնելու առանց քո հրամանի»:

45 Եւ փարաւոնը Յովսէփի անունը դրեց Փսոմփթոմբանէ, իսկ Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթին նրան տուեց կնութեան: Եւ Յովսէփը գնաց փարաւոնի մօտից:

46 Յովսէփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացաւ եգիպտացիների փարաւոն արքային: Յովսէփը, գնալով փարաւոնի մօտից, շրջեց ողջ Եգիպտոսում:

47 Երկիրը առատութեան եօթը տարիների ընթացքում հարուստ բերք տուեց:

48 Յովսէփը հաւաքեց Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ողջ բերքը՝ ամէն մի քաղաքի շուրջը գտնուող դաշտերի բերքը ամբարելով այդ քաղաքում:

49 Յովսէփը ծովի աւազի չափ շատ ցորեն հաւաքեց ու ամբարեց այնտեղ այնքան, որ հնարաւոր չէր հաշուել, քանի որ անթիւ-անհամար էր:

50 Երբ դեռ չէր եկել եօթը տարուայ սովը, Յովսէփն ունեցաւ երկու որդի, որոնց ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթը նրա համար:

51 Յովսէփն անդրանիկ որդու անունը դրեց Մանասէ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ մոռացնել տուեց իմ ու իմ հօր բոլոր վշտերը»:

52 Երկրորդ որդու անունը դրեց Եփրեմ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ բազմացրեց իմ տառապանքների երկրում»:

53 Անցան Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիները,

54 եւ վրայ հասան սովի եօթը տարիները, ինչպէս ասել էր Յովսէփը: Սով եղաւ ամբողջ երկրում, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրում հաց չէր գտնւում:

55 Սովի մատնուեց համայն Եգիպտացիների երկիրը, եւ ամբողջ ժողովուրդը հացի համար աղաղակ բարձրացրեց փարաւոնի առաջ: Փարաւոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացէ՛ք Յովսէփի մօտ, եւ ինչ որ ասի նա ձեզ, կատարեցէ՛ք»:

56 Սով էր ամբողջ երկրում: Յովսէփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին: Սովը սաստկացաւ Եգիպտացիների երկրում:

57 Եւ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Յովսէփից հաց գնելու, որովհետեւ սովը սաստկանում էր ամբողջ աշխարհում: