Աստուածաշունչ

Переводы: (скрыть)(показать)
LXX Darby GRBP NRT IBSNT UBY NIV Jub GRBN EN_KA NGB GNT_TR Tanah Th_Ef MDR UKH Bible_UA_Kulish Комментарий Далласской БС LOP ITL Barkly NA28 GURF GR_STR SCH2000NEU New Russian Translation VANI LB CAS PodStr BibCH UKDER UK_WBTC SLR PRBT KZB NT_HEB MLD TORA TR_Stephanus GBB NT_OdBel 22_Macartur_1Cor_Ef VL_78 UBT SLAV BHS_UTF8 JNT UKR KJV-Str LXX_BS BFW_FAH DONV FIN1938 EKKL_DYAK BB_WS NTJS EEB FR-BLS UNT KJV NTOB NCB McArturNT Makarij3 BibST FIN1776 NT-CSL RST Mc Artur NT BBS ElbFld RBSOT GTNT ACV INTL ITAL NA27 AEB BARC NZUZ שRCCV TORA - SOCH LOGIC VCT LXX_Rahlfs-Hanhart DRB TanahGurf KYB DallasComment GERM1951 Dallas Jantzen-NT BRUX LXX_AB LANT JNT2 NVT
Книги: (скрыть)(показать)
. Ge. Ex. Mt. Mk. Lk. Jn.
Главы: (скрыть)(показать)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

Աստուածաշունչ

Ծննդոց 4

1 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»:

2 Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում:

3 Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն,

4 իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից: Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին,

5 իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց: Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց:

6 Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ:

7 Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»:

8 Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան:

9 Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»: Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»:

10 Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ:

11 Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար:

12 Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»:

13 Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար:

14 Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»:

15 Տէր Աստուած ասաց նրան. «Այդպէս չէ: Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՚արժանանայ»: Եւ Տէր Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որպէսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի:

16 Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակուեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց:

17 Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին: Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անուամբ:

18 Ենոքը Գայերիդադ անուամբ որդի ունեցաւ: Գայերիդադը ծնեց Մայիէլին, Մայիէլը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամէքին:

19 Ղամէքն առաւ երկու կին. մէկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սէլլա:

20 Ադդան ծնեց Յոբէլին: Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է:

21 Նրա եղբօր անունը Յոբաղ է: Նա է յօրինել երգն ու քնարը:

22 Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր: Թոբէլի քոյրը Նոյեման էր:

23 Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին: Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր:

24 Եթէ սպանութեան համար Կայէնից եօթն անգամ վրէժ է պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»:

25 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց որդի, նրա անունը դրեց Սէթ եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն Աստուած ինձ ուրիշ զաւակ պարգեւեց»:

26 Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս: Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը: