Աստուածաշունչ

Переводы: (скрыть)(показать)
LXX Darby GRBP NRT IBSNT UBY NIV Jub GRBN EN_KA NGB GNT_TR Tanah Th_Ef MDR UKH Bible_UA_Kulish Комментарий Далласской БС LOP ITL Barkly NA28 GURF GR_STR SCH2000NEU New Russian Translation VANI LB CAS PodStr BibCH UKDER UK_WBTC SLR PRBT KZB NT_HEB MLD TORA TR_Stephanus GBB NT_OdBel 22_Macartur_1Cor_Ef VL_78 UBT SLAV BHS_UTF8 JNT UKR KJV-Str LXX_BS BFW_FAH DONV FIN1938 EKKL_DYAK BB_WS NTJS EEB FR-BLS UNT KJV NTOB NCB McArturNT Makarij3 BibST FIN1776 NT-CSL RST Mc Artur NT BBS ElbFld RBSOT GTNT ACV INTL ITAL NA27 AEB BARC NZUZ שRCCV TORA - SOCH LOGIC VCT LXX_Rahlfs-Hanhart DRB TanahGurf KYB DallasComment GERM1951 Dallas Jantzen-NT BRUX LXX_AB LANT JNT2 NVT
Книги: (скрыть)(показать)
. Ge. Ex. Mt. Mk. Lk. Jn.
Главы: (скрыть)(показать)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50

Աստուածաշունչ

Ծննդոց 34

1 Լիայի՝ Յակոբի համար ծնած դուստրը՝ Դինան, ելաւ այդ կողմի աղջիկներին տեսնելու:

2 Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան:

3 Սիւքեմը, ամբողջ հոգով կապուելով Յակոբի դուստր Դինայի հետ, սիրեց աղջկան եւ քաղցրութեամբ խօսեց նրա հետ:

4 Սիւքեմը, դիմելով իր հայր Եմորին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնութեան ա՛ռ»:

5 Յակոբն իմացաւ, որ Եմորի որդին պղծել է իր դուստր Դինային: Այդ ժամանակ իր որդիները դաշտում՝ անասունների մօտ էին: Յակոբը լուռ մնաց մինչեւ նրանց գալը:

6 Սիւքեմի հայր Եմորը գնաց Յակոբի մօտ՝ հետը խօսելու:

7 Դաշտից եկան նաեւ Յակոբի որդիները: Երբ տղամարդիկ իմացան կատարուածի մասին, զայրացան: Նրանք շատ տխրեցին, որովհետեւ Սիւքեմը, Յակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայէլին: Դա չպէտք է լինէր:

8 Եմորը նրանց դիմելով՝ ասաց. «Իմ որդի Սիւքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը: Արդ, աղջկան տուէ՛ք նրան կնութեան եւ խնամութիւն արէ՛ք մեզ հետ.

9 ձեր դուստրերին տուէ՛ք մեզ եւ մեր դուստրերին առէ՛ք ձեր որդիներին:

10 Բնակուեցէ՛ք մեզ հետ: Մեր ընդարձակ երկիրը փռուած է ձեր առաջ, բնակուեցէ՛ք այնտեղ, վաստակեցէ՛ք եւ կալուածքներ ձեռք բերէք դրա մէջ»:

11 Սիւքեմն ասաց նրա հօրն ու եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ: Ինչ էլ պահանջէք, կը տանք:

12 Ինչքան ուզէք, աւելացրէ՛ք պարգեւագինը եւ օժիտը, որքան էլ ասէք, կը տամ, միայն թէ այդ աղջկան տուէ՛ք ինձ կնութեան»:

13 Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դինային:

14 Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ասացին. «Չենք կարող անել այդ բանը՝ մեր քրոջը տալ անթլփատ մի մարդու, որովհետեւ դա մեզ համար նախատինք կը լինի:

15 Մենք կը համակերպուենք ձեզ հետ եւ կը բնակուենք ձեր երկրում միայն այն դէպքում, եթէ դուք նմանուէք մեզ՝ թլփատուեն ձեր բոլոր արու զաւակները:

16 Միայն այն ժամանակ մեր դուստրերին կը տանք ձեզ եւ ձեր դուստրերից մեզ կին կ՚առնենք:

17 Մենք կը բնակուենք ձեզ հետ եւ կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ: Իսկ եթէ չլսէք մեզ՝ չթլփատուէք, մեր դուստրերին կ՚առնենք ու կը հեռանանք»:

18 Եմորին ու Եմորի որդի Սիւքեմին հաճելի թուացին այս խօսքերը:

19 Երիտասարդը չյապաղեց անել այդ բանը, որովհետեւ շատ էր սիրում Յակոբի դստերը: Նա իր հօր ընտանիքի անդամների մէջ ամենից աւելի յարգանք էր վայելում:

20 Եմորն ու իր որդի Սիւքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մօտ եւ, դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց, ասացին նրանց.

21 «Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ: Արդ, թող բնակուեն այս երկրում եւ վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետեւ այս ընդարձակ երկիրը փռուած է նրանց առաջ: Նրանց դուստրերին մեզ կին առնենք եւ մեր դուստրերին տանք նրանց:

22 Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զաւակները թլփատուեն, ինչպէս որ իրենք են թլփատուած:

23 Միթէ այդ ձեւով նրանց ունեցուածքը, նրանց անասունը եւ նրանց չորքոտանին մերը չե՞ն լինի: Եթէ նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կը բնակուեն մեզ հետ»:

24 Եմորի ու նրա որդի Սիւքեմի հետ համաձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլփատուեցին բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղաքի դարպասով:

25 Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին:

26 Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին:

27 Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտեցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային:

28 Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնուող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը,

29 գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, աւար առան նրանց ամբողջ գոյքը: նրանք յափշտակեցին ե՛ւ քաղաքում, ե՛ւ տներում եղած ամէն ինչ:

30 Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ: Մենք սակաւաթիւ ենք: Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»:

31 Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպէ՞ս է, որ նրանք իբրեւ բոզ լլկեցին մեր քրոջը»: